Այսօր ‹Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում և պաշտպանություն. ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերի ներկայացում›› խորագրով կլոր սեղանին մասնակցում էր նաև ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը:
Լրագրողների հետ զրույցում ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը անդրադարձավ Հայաստանի շատ քաղաքացիների՝ քաղաքացիությունից հրաժարվելու և ՌԴ քաղաքացիություն ստանալու խնդրին: Նրա խոսքով՝ ՌԴ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում կա նման միտում, մասնավորապես այն մարդկանց դեպքում, ովքեր որոշել են իրենց կյանքը կազմակերպել և բնակություն հաստատել ՌԴ-ում:
«Դա պայմանավորված չէ նրանց՝ Հայաստանը մոռանալու, լքելու ձգտումով, ուղղակի զուտ գործնական տեսանկյունից, հաշվի առնելով ՌԴ օրենսդրական փոփոխությունները, ձգտում են քաղաքացի դառնալ»,- ասաց նա:
Վլադիմիր Կարմիրշալյանի խոսքով՝ քաղաքացիության դադարեցումը պայմանավորված չէ միայն միայն քաղաքացու ցանկությամբ և նրա դիմումով. սա գործընթաց է, և մինչև չլինի ՀՀ նախագահի հրամանագիրը, քաղաքացինությունը չի կարող համարվել դադարեցված:
Նա անդրադարձավ նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու, ՌԴ քաղաքացիություն ստանալու և ապա նորից ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու խնդրին:
Ըստ նրա՝ այս միտումը չի վերաբերում միայն ՌԴ-ում ապրող քաղաքացիներին, նաև Գեմանիային, Բուլղարիային, Ուկրաինային, որտեղ պահանջում են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարում, եթե մեր քաղաքացին ուզում է ձեռք բերել Գերմանիայի, Բուլղարիայի կամ Ուկրաինայի քաղաքացիություն:
Կարմիրշալյանը նշեց, որ վերջին տարիներին Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստան վերադարձած 6000-7000 սիրիահայերի տրվել է ՀՀ անձնագիր:
Նա անդրադարձավ ՌԴ կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին: Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ-ն որքանո՞վ է հետաքրքրվում մեկնած հայերի ճակատագրով, նա նշեց, որ այդ ծրագիրն իրականացվում է որոշ կազմակերպությունների կողմից և չի սատարվում ՀՀ իշխանությունների կողմից: «Ես գիտեմ օրինակներ, երբ մարդիկ գնացել են Կալինինգրադ՝ մտածելով, որ աշխատանք կստանան, և հիմա հետ են եկել ու այնքան էլ գոհ չեն: Ինձ մոտ եկել են քաղաքացիներ, որ իրենց որդին վեր է կացել, գնացել հեռավոր Սիբիր՝ գայթակվելով ինչ-որ առաջարկներով, բայց հիմա այնպիսի իրավիճակում է, որ չի կարողանում անգամ վերադառնալ»,- ասաց նա:
Նա նշեց, որ մարդիկ հիմա ավելի իրազեկ են, թե ինչ պայմաններում են հայտնվելու այնտեղ, արդեն ավելի զգուշավոր են որոշում ընդունելիս:
«Ես չեմ նկատել, որ միտում կա, որ այդ գնացողների քանակն ավելանա, հակառակը՝ ես միտում եմ տեսնում, որ ավելի շատ է ընդհանրապես Հայաստան վերադարձողների թիվը»,- նշեց Վլադիմիր Կարմիշալյանը:
Ավելին՝ տեսանյութում:











































