Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀՇ հերթական համագումարը, որի ընթացքում, ըստ ԶԼՄ-ներում շրջանաովող տեղեկությունների, հնարավոր է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակի սպասված որոշումը՝ փետրվարյան նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության, ՀԱԿ-ի թեկնածուի վերաբերյալ: «Առավոտ»-ը գրում է, որ ՀՀ առաջին նախագահի որոշումը իսկապես հայտնի կդառնա ա՞յս շաբաթ, թե՞ կհետաձգվի մինչև հունվարի սկիզբ՝ էական չէ: Կարևորն այն է, որ այդ որոշումից է կախված լինելու Սերժ Սարգսյանի՝ նախագահ վերընտրվելու լեգիտիմության հարցը: Դեկտեմբերի 12-ին ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի նիստում կայացված երկու որոշումները այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու թեկնածությունը և գալիք նախագահական ընտրություններում չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին, իսկապես քաղաքական դաշտում նկատելի անորոշություն առաջացրին: ԲՀԿ-ականները թեև հայտարարում էին, որ «այլընտրանք» են գործող իշխանությանը, շեշտում էին, թե ողջ հանրապետությունով գգալի ձայներ և ժողովրդականություն են վայելում, ըստ էության Գագիկ Ծառուկյանը քաղաքական բոյկոտի դիմեց: Ճիշտ է, դա ակտիվ բոյկոտ չէ, ԲՀԿ-ն կոչ չի արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ քաղաքական այս ուժը ընտրեց պասիվ բոյկոտի ճանապարհը՝ չմասնակցելով ընտրությունների:
ԲՀԿ-ի որոշումը նախևառաջ ծանր դրության մեջ դրեց ՀԱԿ-ին, որը ԲՀԿ-ի հետ համագործակցության պտուղը թերևս համարում էր հենց նախագահական ընտրություններում երկու ուժերի սերտ համագործակցությունը, նույնիսկ ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը կարծես չէր բացառվում:
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ տարբերակներ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծված քաղաքական բավական բարդ իրավիճակում: ՀՀ առաջին նախագահը կարծես երկու տարբերակ ունի: Տարբերակներից մեկը Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական բոյկոտի դիմելու քայլն է: Ի տարբերություն ԲՀԿ-ի՝ Տեր-Պետրոսյանը կարող է ակտիվ բոյկոտով հանդես գալ՝ հասարակությանը կոչ անելով չմասնակցել ընտրություններին, ենթադրաբար նաև ԲՀԿ-ի ընտրագանգվածին ևս այդ ճանապարհով տանելով: Սա կարող է աշխատող տարբերակ լինել, քանի որ դրա արդյունքում Տեր-Պետրոսյանը ըստ էության Սերժ Սարգսյանին կմղի նախագահական ընտրապայքարի էպոսագետի հետ, իսկ նման մրցունակության պայմաններում նախագահ վերընտրվելը բնական է, որ չի կարող լիարժեք լեգիտիմության խնդիրը լուծել, ինչն էլ ձգտում է ապահովել առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, վերոնշյալ տարբերակը, որպես երկարաժամկետ պրոյեկտ, չի կարելի բացառել Տեր-Պետրոսյան-Քոչարյան շահերի տիրույթում, եթե նույնիսկ ակտիվ բոյկոտը արդյունք չտա, և Սերժ Սարգսյանը վերընտրվի՝ վարչական ռեսուրսի ջանքերի շնորհիվ: Նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյան-Քոչարյան շահերը կարող են առավել առարկայական բնույթ ստանալ՝ դրսևորվելով կոնկրետ համագործակցությամբ՝ ընդդեմ վերընտրված Սերժ Սարգսյանի:
Երկրորդ տարբերակը, իհարկե, Տեր-Պետրոսյանի առաջադրումն է որպես նախագահի թեկնածու, որը մինչև ԲՀԿ-ի կայացրած որոշումը նույնիսկ անիմաստ էր հավանական տարբերակ համարելը: Այժմ իրավիճակ է փոխվել, և ՀԱԿ-ի քաղաքական ինքնուրույնության դրսևորման նպատակով տրամաբանական կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը հենց այս տարբերակով էլ առաջնորդվեր: Բայց արդյոք ՀՀ առաջին նախագահը չի՞ զգում 2008-ի շարժման և այսօրվա իրավիճակի միջև տարբերությունները… Վստահաբար բոլորից լավ նա է գիտակցում այդ տարբերությունները՝ թե՛ ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական վստահության, թե՛ թիմի ներսում ռեսուրսների կորստի հարցը:
Երկրորդ տարբերակը, սակայն, կարող է իրապես այլ նշանակություն և նպատակ ունենալ: Գիտակցելով ՀԱԿ-ի ուժերը, ԲՀԿ-ի հետ համագործակցության շարունակականության անիմաստությունը՝ Տեր-Պետրոսյանը կարող է որոշում կայացնել՝ ելնելով պետության շահերից, մասնակցելով ընտրություններին և գրավելով երկրորդ պատվավոր տեղը ու շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ փաստացի լեգիտիմացնելով նրան:
Որ տարբերակն էլ ընտրի Տեր-Պետրոսյանը՝ դրանից է կախված լինելու Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը: Ո՞ւմ կընտրի Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելով նրան լեգիտիմացնե՞լը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հետ նոր քաղաքական պայքարի դուրս գալու տարբերակը և Սերժ Սարգսյանի «վերընտրությունը» խնդիր դարձնելը՝ ցույց կտա ժամանակը:











































