Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները գործադուլ են սկսել, որը հնարավոր է տևի մինչև սեպտեմբերի 22-ը: Ներկայումս Air France-ն ունի 3760 օդաչու, որը գերազանցում է ընկերության կարիքները:
Air France-ի ղեկավարության պաշտոնական տվյալներով՝ երկրի օդանավակայաններում կապահովեն ընկերության չվերթների 48 տոկոսից ոչ ավելին:
Պատճառը ամռանն ընդունված Perform 2020 զարգացման ծրագրի դրույթներն են, որոնք նախատեսում են օդաչուների մեծ խմբի տեղափոխման հնարավորություն Hop! տարածաշրջանային դուստր ձեռնարկություն և Air France-ի հոլանդական գործընկեր Transavia-ի տեղական մասնաճյուղ:
Օդաչուները թեև համաձայնել են տեղափոխվել, սակայն պահանջում են սոցիալական ապահովության մակարդակի և իրենց կարգավիճակի պահպանում՝ աշխատավարձերի հնարավոր կրճատումից խուսափելու համար, քանի որ նոր աշխատավայրում աշխատանքը սեզոնային բնույթ է կրելու: Պահանջներից մեկն էլ այն է, որ կրճատումներ չլինեն:
Air France-ը, որը Հայաստանի տարածքում այս ամիս իրականացնում է վեցօրյա թռիչքներ, հայտարարված գործադուլի պատճառով վաղը թռիչք չի իրականացնի: Ընկերությունից տեղեկացանք, որ վաղվա թռիքը հանված է, և վաղվա բոլոր ուղևորներին Air France-ը փորձում է տարբեր ավիաուղիներով Ֆրանսիա թռիչք կազմակերպել:
Մյուս օրերի թռիչքների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան: