1867թ. այս օրը պատմական Արցախի Ջևանշիր գավառի Չարդախլու գյուղում ծնվեց նշանավոր հայագետ, արվեստաբան, Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը:
Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա Շուշիի հայոց թեմական հոգևոր դպրոցում, 1882թ. ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: 1890թ. ավարտել է ճեմարանը և մի քանի այլ սարկավագների հետ (որոնց թվում՝ Գևորգ սարկավագը, հետագայում՝ Գևորգ Զ կաթողիկոս) մեկնել է Գերմանիա և Լայպցիգի, Բեռլինի և Հալլեի համալսարաններում խորացրել իր աստվածաբանական և փիլիսոփայական գիտելիքները: 1897թ. Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Նա հայ արվեստին նվիրված մի շարք դասախոսություններով հանդես է եկել Կ.Պոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում և այլուր:
1943թ. ընտրվում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս: Նա մեծ աջակցություն է ունենում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման գործում, նաև 1946թ. հայրենադարձության կազմակերպման աշխատանքներում: Նա հավաքել է մինչև 1250թ. գրված ձեռագրերի 459 հիշատակարան, 1951թ. հրատարակել է «Հիշատակարանք ձեռագրաց» բացառիկ նշանակություն ունեցող հատորը:
Գարեգին Ա Հովսեփյան Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է 1952թ. հունիսի 21-ին Անթիլիասում: