«Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7ակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է գրվել Լոզանի կլինիկայից: Այս մասին գրված է Շումախերի մենեջերի տարարծած պաշտոնական հաղորդագրությունում:
«Այս պահից սկսած Շումախերի վերականգնումը կշարունակվի տնային պայմաններում: Հաշվի առնելով լուրջ վնասվածքները՝ վերջին շրջանում կա առաջընթաց: Այնուամենայնիվ, առջևում երկար ճանապարհ կա:
Շնորհակալություն ենք հայտնում Լոզանի կլինիկայի բոլոր աշխատակիցներին՝ ուշադիր ու հետևողական աշխատանքի համար: Խնդրում ենք շարունակել հարգել Միխայելի ու նրա ընտանիքի անձնական կյանքն ու զերծ մնալ նրա առողջության մասին կեղծ տեղեկություններ տարածելուց»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Շումախերը 2013թ. դեկտեմբերին հայտնվել էր կոմայում, իսկ ամիսներ առաջ դուրս էր եկել կոմայից, բայց գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Նա դահուկներ վարելիս ընկել ու գլխով հարվածել էր քարին: