«Հայրենադարձությունը և ազգային մարտահրավերները» թեմայով հանրային լսման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադառնալով հայրենիքից հեռանալու պատճառներին` մանրամասնեց մի քանիսը. «Հենց «հայրենիք» բառի ընկալման խնդիր եմ տեսնում ՀՀ բնակչության կողմից, և ես այն անվանում եմ ճգնաժամային: Այնուամենայնիվ, այն, ինչ մենք հայրենիք ենք համարում, ընդհանուր Հայաստանից մնացած մի շատ սիրված տարածք էր, այստեղից մարդիկ գնում էին տարբեր պատճառներով, բայց հաստատ ոչ սիրո պակասից»:
Հրանուշ Խառատյանը խոսեց մեկ այլ խնդրի և մարդկանց կողմից ձևավորված մեկ այլ սխալ արտահայտության մասին. «Ասում են` «էս երկիրը», հիմա դարձել է ոչ թե մեր երկիրը, այլ՝ էս երկիրը, լսում ենք նաև՝ «սրանց երկիրը», «իրանք»: Մեր հասարակությունը բաժանվել է առնվազն երկու բևեռի, և այդ բևեռների միջև տարբերությունն ակնհայտ մեծանում է: Ասում են՝ էս երկիրը իրանց երկիրն ա, մենք ինչ կապ ունենք էս երկրի հետ: Բանակում ծառայող երեխաների խնդիրների քննարկումներում եմ հաճախ լսում նման բաներ: Ասում են՝ իմ տղան այս երկրում ծառայում է, ես ոչ մի իրավունք չունեմ, իրենց տղան չի ծառայում` իրենք ունեն բոլոր իրավունքները:
Հայրենիքի հոգեկան կապի խզման հետ ոմանց սկսեցին նաև հայրենասիրության մեջ մեղադրել. հետևյալ ձևակերպումներն եմ լսում՝ ո՞վ ասեց, որ ես իրենցից պակաս հայրենասեր եմ և այլն:
Հ. Խառատյանը նշեց նաև, որ մարդկանց մեծ մասը շատ մեծ ցավով է գնում, բայց գնում է, որովհետև այստեղը իրենց չի սիրում և իրենք էլ դադարում են սիրել այստեղը:
Հրանուշ Խառատյանի վերլուծությունների մանրամասները դիտեք տեսանյութում:











































