Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ընթանում է Վաչե Ավագյանի գործի դատական քննությունը:
39-ամյա Վաչե Ավագյանի եղբայրը՝ Վահեն, Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում բուժվել է թմրամիջոցներից ունեցած կախվածության դեմ:
Ըստ մեղադրանքի՝ Վաչեն նույն դիսպանսերում նույնպես թմրամոլության դեմ բուժվող Տիգրանից իմացել է, որ եղբայրը թմրամիջոցների բացակայության պատճառով «լոմկայի» ցավերի մեջ է:
Այդ ցավերը մեղմելու համար Վաչեն 2014 թվականի հունիսի 4-ին, ժամը 17-ի սահմաններում տեսակցության պատրվակով գնացել է հիշյալ դիսպանսերի 2-րդ հարկում տեղակայված՝ տղամարդկանց բաժանմունք:
Այնտեղ նա եղբորն ու Տիգրանին է տվել՝ ապօրինի իրացրել է՝ ըստ մեղադրանքի, իր հետ վերցրած՝ «դեզոմորֆին» և «կոդեին» տեսակի թմրամիջոցներ պարունակող 5 մլ տարողությամբ 2 ներարկիչները:
Թմրամիջոցները հայտնաբերվել են, երբ թմրամոլության դեմ բուժվող Վահեն ու Տիգրանը «հիվանդատեսի» թմրամիջոցները փորձել են օգտագործել:
Վաչե Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով:
Նրա խափանման միջոցը կալանավորումն է: