Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, մասնակցելով Մալաթիայի գործարար միության կողմից կազմակերպված կոնֆերանսին, անդրադարձել է Թուրքիայի ներքին խնդիրներին.
«Այս երկրում երեխաներ են զոհվում: Կապ չունի` նրանք թուրք են, թե քուրդ: Նրանք բոլորն էլ մեր երեխաներն են: Քրդական հարցն անհնար է լուծել միայն զենքի օգնությամբ: Անհրաժեշտ է երկխոսություն սկսել: Ինչո՞ւ ենք մենք վախենում դրանից: Եթե դա տեղի ունենա, ապա երեխաներն այլևս չեն զոհվի այս երկրում: Չպետք է մոռանալ նաև, որ Թուրքիայում (գլխավորապես քրդաբնակ շրջաններում) 12 միլիոն 715 հազար մարդ գտնվում է աղքատության շեմին:
Ես չեմ հասկանում, թե ինչու է շարունակ բարձրացվում համալսարաններում գլխաշոր կրելու հարցը: Մահմեդական գլխաշորի խնդիրը դա միայն կանացի խնդիր չէ, մեր խնդիրն էլ է: Սակայն ի՞նչ կապ ունի համալսարանը դրա հետ: Չէ՞ որ համալսարանը բնորոշվում է ոչ թե գլխաշորի, այլ գիտելիք հաղորդելու հետ:
Իրավական ոլորտում նույնպես մեծ խնդիրներ կան: Ոչ ոք չի հարցնում, թե ինչ է կատարվում «Էրգենեքոն» գործի շրջանակներում: Տեսե՛ք, թուրքական ոստիկանությունն ընկել է լրագրող Ահմեթ Շըքի նոր հրատարակվելիք գրքի հետևից` այն փնտրելով ամենուր ու ամեն գնով: Այդպիսի բաներ չեն գրանցվել անգամ Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակներում»:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ թուրքական ոստիկանությունը 7 ժամանոց խուզարկություն էր անցկացրել Ստամբուլի «Իթհաքի» հրատարակչատանը` փորձելով հայտնաբերել «Էրգենեքոն» գործի շրջանակներում ձերբակալված Շըքի «Իմամի բանակը» խորագրով գիրքը, սակայն ոչինչ չէր հայտնաբերվել, ինչի համար էլ երեկ ևս մեկ անգամ էր խուզարկություն ացկացվել տվյալ վայրում, ապա ընկել էր թուրքական Radikal թերթի հետևից:
Ի դեպ, օրեր առաջ էլ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե Թուրքիայում հաստատվել է Հիտլերի ժամանակաշրջանը` նկատի ունենալով վերջին շրջանում Թուրքիայում սկսված լրագրողների ձերբակալությունների ալիքը:











































