Նոյեմբերի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, առանց ամբաստանյալ Սպարտակ Մանուչարյանի պաշտպանի շարունակվեց Կարեն Սոխակյանի սպանության գործի դատաքննությունը: Պաշտպան Արթուր Աթարբեկյանը հիվանդության պատճառով չէր ներկայացել դատարան, եւ հաշվի առնելով նրա շարունակական եւ անհարգելի բացակայությունները՝ դատարանը շարունակել էր նիստը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ հուլիսի 1-ի գիշերը, երբ Ալավերդու բնակիչ, ՌԴ-ում քրեական հեղինակություն համարվող, «Սոխ» մականունով 30-ամյա Կարեն Սոխակյանը ընկերուհուն ռեստորանից բերել էր տուն, նրան այնտեղ սպասելիս էր եղել նույն շենքի բնակիչ, Մոսկվայից ժամանած մեկ այլ հեղինակություն` Սպարտակ Մանուչարյանը: Ըստ քրեական գործի`վերջինս հրազենային կրակոցներով վիրավորել է Կարեն Սոխակյանին, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Շատերի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության համար մեղադրողը երեկ պահանջել է 15 տարվա ազատազրկում:
Նշենք նաեւ, որ նշյալ սպանությունից ամիսներ հետո Էդիկ Միրաքյանը` սպանվողի կնոջ քեռին, հրազենով կրակել եւ սպանել էր Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբորը` Վահե Մանուչարյանին: Մեզ հասած տեղեկություններով, պաշտպանական կողմը ցանկանում է ապացուցել, որ այդ սպանությունը կատարել է ոչ թե Սպարտակը, այլ նրա հանգուցյալ եղբայրը, պարզապես Սպարտակն է իր վրա վերցրել 25-ամյա եղբոր` Վահեի հանցանքը: