«Վերջ գարշահոտությանը» ցուցապաստառով այսօր կառավարության մոտ ակցիա էին անում նախկին Նուռնուս այգեգործական ընկներության տարածքի բնակիչները: Նրանք պահանջում են մաքուր օր, քանի որ արդեն ութ ամիս է՝ ապրում են գարշահոտության մեջ:
«Մենք պահանջում ենք մաքուր օդ: Այնտեղ ժամանակին «Նուռնուս» այգեգործական ընկերություն է եղել, հիմա արդեն թաղամաս է: Դա ընկնում է Բյուրեղավանի և Նուռնուս գյուղի մեջտեղը: Այնտեղ ժամանակին եղել են սովետական ժամանակներից մնացած սովխոզտեխնիկայի պահեստներ, որոնք «Առողջ սունկ» ՍՊԸ-ն վերցնելով՝ զբաղված է սնկի պահածո արտադրելով: Դրա հետևանքով գաշահոտություն է առաջանում, որը առավոտից գիշեր խեղդում է բնակիչներին, սարսափելի գարշահոտություն է»,- ասաց բնակիչներից Գագիկ Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Նա նշեց, որ խնդրով դիմել են մարզպետարան, գյուղապետարան, ճանապարհ են փակել, խոսել են այդ ընկերության պատասխանատուների հետ, ովքեր ասում են, թե այս շրջանը չի կարելի դադարեցնել, քանի որ ունեն պայմանագրեր:
«Ասում են՝ պետք է դիմանաք: Մեզ ութ ամիս է՝ արհամարհում են, անգամ բացատրելով, որ պետք է հպարտանանք, որ նման աշխատանք են ներկայացնում: Դիմել ենք կառավարությանը, վարչապետին, խոստացել են ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցով, դիմել ենք քաղաքաշինության նախարարություն այս ութ ամիսների ընթացքում, նրանք էլ նշում են, որ, այո, կա գարշահոտություն, և կա պայմանավորվածություն ՍՊԸ-ի տնօրինության հետ, որ միջոցներ կձեռնարկեն գարշահոտությունը վերացնելու համար, բայց մեր ամառը փչացավ, անգամ ծտերն ու ճանճերն են վերացել մեր այգիներից: Բերք չկա մեր այգիներում, ահավոր արտանետումներ են, անգամ ճանճ չկա»,- ասաց Գագիկ Հովակիմյանը:
Բնակիչներից Վահագն Մուշեղյանն էլ հորդորեց՝ եթե գործարանը չտեղափոխեն, իրենքայլ քայլերի կդիմեն:
Ավելին՝ տեսանյութում: