Ի տարբերություն քաղաքային երթևեկության դժվարությունների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բոլոր չվերթներն ըստ չվացուցակի են իրականացվում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը՝ պատասխանելով հարցին՝ հանրապետությունում նշմարվող մառախուղի արդյունքում չվերթեր կհետաձգվե՞ն, թե՞ ոչ: Նա նշեց, որ եղանակային պայմանները դեռևս չեն խոչընդոտում, որպեսզի չվերթերն ըստ գրաֆիկի իրականացվեն:
«Այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, եղանակը թռիչքների իրականացման համար տեսանելիության թույլատրելիության սահմաններում է: Եթե օրվա ընթացքում փոփոխություններ լինեն՝ հավելյալ կտեղեկացնենք, բայց այս պահի դրությամբ որևէ թռիչք չի հետաձգվել»,- հստակեցրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրը հանրապետության ողջ տարածքում ձյուն, իսկ մայրաքաղաքում՝ ձնախառն անձրև տեղաց: Մայրաքաղաքում ձյան տեսքով առաջին տեղումները որոշակի դժվարություններ առաջացրին՝ կաթվածահար անելով քաղաքային երթևեկությունը: