ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու մասին կոչով դիմեց միայն հայկական կողմին:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը այս հանգամանքը պայմանավորում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանն աննախադեպ թուլացել է, իսկ Ադրբեջանը` ուժեղացել: Ըստ Բոզոյանի` արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, և այդ ամենը դրա հետևանքն է:
«Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ իրենք զիջումներ են պահանջում, քանի որ արդեն ուժեղ են և, ըստ էության, դիվանագիտական ճամբարում դիրքային առավելություններ են ստացել: Միջնորդներն էլ հասկանում են, որ Հայաստանը խեղճացած վիճակում է, Ադրբեջանն էլ բավականին ագրեսիվ է դարձել, և նման հայտարարություններով փորձում են առավելություններ տալ ադրբեջանցիներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Բոզոյանը:
Քաղաքագետի խոսքերով, ԵԱՀԿ գործող նախագահի կոչն արտացոլում է այսօրվա առկա իրավիճակը, ինչի մասին խոստովանել է նաև Սերժ Սարգսյանը իր ծաղկաձորյան ելույթում: Բոզոյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի այդ ելույթը ցույց էր տալիս, որ նա հասկացել է արտաքին ճակատում և բանակցությունների ընթացքում իր դիրքերի բավական թուլացած լինելը: