Այսօր աշխատանքային օրվա վերջին Ազգային ժողովում ներկա էին 85 պատգամավորներ:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հորդորել էր բոլոր պատգամավորներին ներկա գտնվել քննարկումներին, սակայն նրա կոչին ականջալուր եղան ընդամենը 85-ը:
Թե Հովիկ Աբրահամյանը ինչպե՞ս կվարվի բացակա պատգամավորների հետ` այլ հարց է:
Այդուհանդերձ, քվեարկության դրվեց կառավարության կողմից հավաքների ազատության մասին օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խոսքի իրավունք խնդրեց և նշեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, ինչից հետո օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուն կողմ քվեարկեց 77 պատգամավոր,1 դեմ, 7 ձեռնպահ և որոշումն ընդունվեց:
Այնուհետև քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված դատական ակտերի հարկադիր կատարման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու հարցը, որին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, ձեռնպահ` 2: