Մարտի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Շարմանաշվիլին իր նշանակալի ներդրումը կունենա Վրաստանի հետ բազմաբոնվանդակ համագործակցության առավել զարգացման գործում, որը հիմնված է երկու հարևան ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Վրաստանի դեսպանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար:
Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց երկկողմ բարձր մակարդակով պարբերական շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ միայն այս տարվա ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ թե՛ պետությունների ղեկավարների, թե՛ վարչապետների և թե՛ ԱԳ նախարարների մակարդակով:
Նախարար Նալբանդյանը ողջունեց նաև հաջորդ ամիս նախատեսված իր վրացի գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Հայաստան:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն