Մոսկվայի այցելության ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ առաջիկա գագաթնաժողովում, որը կկայանա Լիսաբոնում այս տարվա նոյեմբերի 19-20-ը, որոշում չի կայացվելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման վերաբերյալ:
«Պարզ է, որ այս ամսվա վերջին գագաթնաժողովի ընթացքում մենք որոշում չենք կայացնելու ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ: Այդպիսի բան չի լինի: Մենք կհաստատենք այն դիրքորոշումը, որը նախկինում էլ էինք ներկայացնում: Մեր դռները շարունակում են բաց մնալ: Դա մեր քաղաքականության մի մասն է, քանի որ բաց դռների քաղաքականությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որն ասում է, թե յուրաքանչյուր առանձին երկիր իրավունք ունի որոշելու` լինե՞լ ՆԱՏՕ-ում, թե՞ ոչ»,- ասել է Ռասմուսենը` խոսելով ռուսական Эхо Москвы ռադիոկայանի ուղիղ եթերում:
Նրա խոսքերով, եթե եվրոպական որեւէ երկիր դիմում է` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, եւ այդ հայտը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին, ապա Դաշինքն այդ երկրին ուղարկում է անդամակցության հրավեր:
«Մենք գիտենք, որ մի շարք երկրներ շատ կուզեին դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այդ պատճառով մենք համագործակցում ենք այդպիսի երկրների հետ, որպեսզի նրանց պատրաստենք համապատասխան գործողություններ իրականացնելու եւ համապատասխանելու ընդունված չափանիշներին»,- եզրափակել է նա: