«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի ընտրություններից հետո Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Արդյունքում ոչ միայն ընտրությունների արդյունքներն են վերահաշվարկվում, այլև մարզային վարչության ոստիկանապետը անձամբ է հարվածել` ընտրության արդյունքները բողոքարկած քաղաքապետի թեկնածուներից Սևակ Մինասյանին: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ` պարզելու, թե մարզպետարանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
– Պարոն Ղահրամանյան, որպես մարզպետ, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական ու հետընտրական իրավիճակը Արմավիրում:
– Ինչպես մնացած բոլոր ընտրությունների օրինակով, նախընտրական շրջան է անցել: Իսկ ընտրություններից հետո պարտվող կողմը բողոքել է, որ ընտրությունները կեղծիքներով են անցել: Ներկա պահին վերահաշվարկ է իրականացվում: Այսօր արդեն 7-րդ տեղամասն են բացում, ինչի արդյունքում հաղթող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից 8 ձայն է պակասել, իսկ պարտվողից` Սևակ Մինասյանից, 4: Հետևաբար կարելի է ասել, որ էական փոփոխություններ չեն եղել:
– Ամեն դեպքում Արմավիրում հետընտրական իրավիճակը լարված է, թեկնածուներից մեկին է ոստիկանապետը ծեծել, բողոքի գործողություններ են անցկացվում, մարդիկ են ձերբակալվում:
– Գիտեք, այդ հարցը պետք է իրավապահ մարմիններին ուղղեք, որովհետև իրենք են փաստի առթիվ նախաքննություն իրականացնում: Այս հարցով միայն իրավապահ մարմինները կարող են գնահատականներ տալ:
– Բայց այս դեպքում իրավապահ մարմինները ինչպե՞ս կարող են օբյեկտիվ գնահատականներ տալ, եթե քաղաքապետի թեկնածուներից մեկը նշում է, որ բողոքի գործողությունների ժամանակ, երբ ցանկացել է հանդարտեցնել իրավիճակը, ոստիկանապետը անձամբ է հարվածել իրեն:
– Ճիշտն ասած, ես դեպքի վայրում չեմ եղել, հետևաբար, թե ինչ է հայտարարում նա, ինչ` մյուսը, ես չեմ կարող մեկնաբանել: Հակառակ դեպքում իմ մեկնաբանությունները տեղին չեն լինի, որովհետև ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել:
– Ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ընտրություններն անցնեն առանց միջադեպերի. այս դեպքում կարելի է ասել` նրա խոսքը չի պահպանվել:
– Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ընտրությունները անցնեն ոչ միայն առանց միջադեպերի, այլև մաքուր և արդար: Իսկ դրա ապացույցն այն է, որ այսօր երբ տեղամասերը բացում են, ընդամենը վավեր, անվավերի խնդիր է արձանագրվում, և ընդամենը 8 և 4 ձայների պակասություն:
– Սերժ Սարգսյանը տեղեկացվա՞ծ է ստեղծված իրավիճակի մասին: Խոսքս, ձերբակալությունների, ընտրակաշառքների և այլնի մասին է:
– Ես չեմ կարող նման հարցի պատասխանել` տեղեկացված է, թե ոչ, որովհետև դա իրավապահ մարմինների խնդիրն է:
– Ցանկանում եք ասել, որ այս հարցի շուրջ Դուք` որպես մարզպետ, Սերժ Սարգսյանի հետ չե՞ք խոսել:
– Ոչ:
– Ամեն դեպքում Արմավիրում արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն կա՞, թե՞ ոչ:
– Կարծում եմ, որ` ոչ: Ինչի՞ հիման վրա արտահերթ ընտրություններ անցկացվեն:
– Դե, ինչպես նշեցի` հակառակ կողմը նշում է, որ ընտրակաշառքներ են բաժանվել, մահացածները, կրկնակի գրանցվածները ընտրությունների են մասնակցել: Հակառակորդ կողմն էլ գիտի, որ վերահաշվարկը էական փոփոխությունների չի հանգեցնելու, քանի որ ընտրախախտումները տեղամասերից դուրս են եղել: Սրանք բավարար հիմքեր չե՞ն արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
– Եթե ասում են մահացած քաղաքացիներ են մասնակցել` թող մի հատ մահացածի անուն տան: Այս հարցերով դիմեք անձնագրային ծառայություն և կտեսնեք, որ այդ ասածները, համենայնդեպս իմ ունեցած ինֆորմացիայով, իրականությանը չեն համապատասխանում:
– Եթե գաղտնիք չէ, ասեք, թե Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ձեր ձայնը` որպես մարզպետ, որ թեկնածուի օգտին եք տվել:
– Ես Արմավիր քաղաքի բնակիչ չեմ, հետևաբար իմ ձայնը ոչ մի թեկնածուի չեմ տվել: