ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը մինչև ապրիլի 24-ը պետք է ետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Նա ասաց, որ պետք է մոռանալ թուրքերի կողմից սահմանը բացելու բարի կամքի մասին: Ըստ նրա՝ դա կարող էին անել Սուրբ Խաչի տեղադրման օրը, ինչը չարեցին:
Մանոյանը մտահոգություն հայտնեց Թուրքիայի վարչապետի Մոսկվա կատարած այցի և այնտեղ Մեդվեդևի հետ հուշանվերներ փոխանակելու կապակցությամբ: Ըստ Մանոյանի՝ Թուրքիային այդ արձանագրությունը ԼՂ հարցում խոսք ասելու իրավունք է տվել, ինչը անթույլատրելի է: Մանոյանը թեև ասաց, որ Ղարաբաղի հարցում պատերազմի վերսկսման հավանականությունը քիչ է, բայց նաև չբացառեց այն:
Ըստ նրա՝ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, Ադրբեջանը պատերազմի չի գնա, մյուս դեպքում էլ՝ Բաքուն գիտի, որ ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում կպարտվի: