CNN Türk-ի փոխանցմամբ, երկրի գլխավոր ըննդիմադիր ուժ, քեմալական ուղղությունը ներկայացնող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) որոշել է հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար առաջադրել «Էրգենեքոնի» գործի շրջանակներում ձերբակալված թուրք լրագրող, գրող, հաղորդավար ու քաղաքական գործիչ Թունջայ Օզքանի և Cumhuriyet թերթի խմբագրական խորհրդի անդամ Մուսթաֆա Բալբայի թեկնածությունները:
Ուշագրավ է նաև այն, որ առաջադրվել է նաև Մերսինի նահանգի ագարակատեր
Քեմալ Օնջելի թեկնածությունը: Վերջինս ԺՀԿ-ի ուշադրության կենտրոնում հայտնվել է նրա համար, որ ժամանակին բանավիճել է Մերսին այցելած Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, ինչի ժամանակ վերջինս «գրողի ծոցն էր ուղարկել» Օնջելին ու նրա մորը:
Հիշեցնենք, որ «Էրգենեքոնի» գործի շրջանակներում Թունջայ Օզքանը ձերբակալվել է 2008 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստամբուլում, իսկ Մուսթաֆա Բալբայը` 2008 թվականի հուլիսի 8-ին, Անկարայում:
Ի դեպ, վերջերս թուրքական լրատվամիջոցներում շրջանառության մեջ էր դրվել այն, որ Թուրքիայի Գերագույն դատարանը պատրաստվում է քննել ԺՀԿ-ի փակման հարցը, սակայն ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքվեց: