«Պուտինի և Մեդվեդևի միջև ոչ մի հակադրություն էլ չկա, պարզապես Մեդվեդևն ավելի զգույշ քաղաքական գործիչ է և զգուշանում է այս պայքարին կրոնական և քաղաքակրթական երանգ հաղորդելուց»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Լիբիայի հարցում Պուտինի և Մեդվեդևի միջև առկա հակասություններին` կարծիք հայտնեց փիլիսոփայության դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը քննադատել էր արևմտյան երկրների ռազմական օպերացիան Լիբիայում` այն համեմատելով խաչակրաց արշավանքի հետ: Ավելի ուշ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հակառակ կարծիքն էր հայտնել` հավանություն տալով Լիբիայի նկատմամբ ռազմական օպերացիային:
Հարությունյանի գնահատմամբ, Մեդվեդևը շատ իմաստուն քայլ է արել, քանզի «խաչակրաց արշավանք» արտահայտությունը կարող էր դիտարկվել որպես քրիստոնյա և մահմեդական աշխարհների միջև պատերազմ, ինչի հետևանքները կարող են սարսափելի լինել: