Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշը հրաժարական է տվել: Այս որոշումը նա կայացրել է այն բանից հետո, երբ իր կառավարության կողմից ներկայացված ծրագիրը, որով նախատեսվում էր տնտեսական իրավիճակը կայունացնելու համար իրականացնել բյուջետային ծախսերի զգալի կրճատում, հավանության չի արժանացել խորհրդարանում: Դեմ են քվերակել բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ընդդիմությունը զրկեց մեզ կառավարելու հանարավորությունից»,- ասել է Սոկրատեշը: Իշխող սոցիալիստական կուսակցությունը ստիպված է եղել ներկայացնել հակաճգնաժամային նման կտրուկ կրճատումներով ծրագիր, քանի որ Պորտուգալիայի տնտեսությունը գտնվում է դեֆոլտի շեմին, ինչպես և մի շարք այլ եվրոպական երկրներ:
Եթե առաջիկա շաբաթներին քննարկումների արդյունքում նոր կառավարություն չձևավորվի, ապա Պորտուգալիային սպասում են նոր ընտրություններ: