«Ես չեմ ակնկալում, որ զիջում և հաշտություն բառերը կհնչեն Սոչիում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկացի դիվանագետ, Բոսնիա Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան (1997-1999 թթ.), Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Մուսուլմանական աշխարհ հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչն՝ անդրադառնալով Սոչիում նախատեսվող Ալի-Պուտին-Սարգսյան հանդիպմանն ու հնարավոր արդյունքներին:
Նա նշեց, որ այս ամենն իրեն հիշեցնում է այն դիտարկումը, որն անում է արդեն մի քանի տարի՝ ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը չեն ցանկանում գնալ զիջումների, որովհետև դրանք սովորաբար ունենում են անտանելի ներքին հետևանքներ: Նրա խոսքով՝ շուրջ երկու տասնամյակ երկու երկրների ռեժիմները չեն արել ոչինչ, միայն պատրաստել են հասարակություններին հակամարտության ռազմական կարգավորմանը, զիջումն ու հաշտությունը բառեր են, որոնք չեն հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բառապաշարում:
«Ես չեմ ակնկալում, որ այդ բառերը կլինեն նաև Սոչիում: Եթե նրանք ընտրել են, նրանք կարող են վերջ դնել մարդկային ողբերգական կորուստներին՝ իրականացնելով իմաստալի քայլեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նրանք դա կարող էին անել առանց որևէ արտաքին միջամտության: Փոխարենը նրանք նախընտրում են ներկայիս իրավիճակը, որտեղ նրանք կարող են մեղադրել միջազգային հանրությանը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ձախողելու հարցում, մի հակամարտություն, որին նրանք պարտական են իրենց ներքին քաղաքական գոյության պահպանության ու ապահովման համար»,- ասաց դեսպանը: