Լիբիայում ապստամբների կողմից ձևավորված Ազգային խորհուրդը որոշում է կայացրել ժամանակավոր կառավարություն ստեղծելու վերաբերյալ: Կառավարության ղեկավարի պաշտոնին է նշանակվել Մահմուդ Ջիբրիիլը, որին խորհուրդը նաև հանձնարարել է ձևավորել նոր կառավարությունը: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Մինչ այդ Ջիբրիիլը գլխավորում էր Ազգային խորհրդի հակաճգնաժամային կոմիտեն: Նա համակարգում էր ռազմական և միջազգային հարցերը:
Ավելի վաղ կոալիցիոն ուժերը շարունակել են ռմբակոծել Քադաֆիին հավատարիմ զորամիավորումները: Ըստ տարբեր գործակալությունների` ռմբակոծության թիրախ են դարձել այն ստորաբաժանումները, որոնք հարձակումներ են գործում և օդից ռմբակոծում են ընդդիմության վերահսկողության տակ գտնվող քաղաքներն ու բնակավայրերը:
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Քադաֆիի զորամիավորումներին հաջողվել էր ներխուժել Միսուրատա քաղաք: Այսօր քաղաքի նավահանգստային մասը, որը դեռ գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ, ռմբակոծվել է Քադաֆիի կառավարական զորքերի կողմից, սակայն կոալիցիոն օդային հարվածից հետո ռմբակոծությունը դադարեցվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Al-Jazeera-ի հաղորդմամբ, քաղաքի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, իսկ վիրավորների ցուցակում կա 23 անուն: