Երևանի և Բուխարեստի միջև երկկողմ գործակցության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է, որ Բուխարեստի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանվորվածության համաձայն ներկայում աշխատանքներ են տարվում Երևան և Բուխարեստ քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ.
«Համագործակցության ցանկացած հրապարակ նպաստավոր միջավայր է ստեղծում փորձի փոխանակման, գործարար կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման առումով»,- նշել է քաղաքապետը, ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանը փոխգործակցության առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բուխարեստի քաղաքապետարան: Քաղաքապետ Սորին Օպրեսկուն պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան և տեղում քննարկել գործնական հետագա քայլերի իրականացման հետ կապված հարցերը:
Կրինա Պրունարիուն իր աջակցությունն է առաջարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնելու հարցում:
Հյուրի խնդրանքով, Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը:
Երևանի քաղաքապետարան