Մարտի 22-ին, ՀՀ ԱԳ նախարարության, ճապոնական արտաքին առևտրի աջակցության կազմակերպության (JETRO) և հայկական զարգացման գործակալության (ADA) աջակցությամբ, Մոսկվայում կայացավ «Գործարար միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար:
Սեմինարին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ինչպես նաև ADA-ի ներդրումների հարցերով տնօրեն Նատալյա Արծրունին և «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Սեմինարի ընթացքում ընթերցվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը, որում ԱԳ նախարարը իր ցավակցությունն էր հայտնում ճապոնական ժողովրդին բնական աղետների ողբերգական հետևանքների կապակցությամբ: Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել էր սեմինարի կարևորությունը հայ-ճապոնական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում, ինչին կաջակցի անցյալ տարի Ճապոնիայում բացված ՀՀ դեսպանությունը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխաներ տրվեցին ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին: