Այսօր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, անդրադառնալով դիտարկմանը, թե այսօր ՀԱԿ-ի և իշխանությունների միջև կառուցողական երկխոսության նախադրյալներ կան, ասաց, որ ծանոթ է մամուլում լայնորեն քննարկվող այդ դիտարկմանը և ավելացրեց, որ եթե երկրի ներսում լարվածությունը պակասում է, ԱՄՆ-ն դա ողջունում է: Յովանովիչը ավելացրեց, որ, թե ինչպես են ներքաղաքական գործընթացները ծավալվում՝ դա Հայաստանը պետք է որոշի, և ինքը չի կարծում, թե ԱՄՆ-ն պետք է գործ ունենա դրա հետ, բայց նաև հավելեց, որ ԱՄՆ-ն շարունակում է հետևել հայաստանյան գործընթացներին:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, որոնք դեռ շարունակում են մնալ անազատության մեջ, Մ. Յովանովիչը պատասխանեց.
«ԱՄՆ կառավարության դիրքորոշումը նույնն է`մենք ողջունում ենք 1,5 տարի առաջ կիրառված համաներումը, ողջունում ենք նաև վերջերս երկու ձերբակալվածների ազատարձակումը և խրախուսում ենք, որ այդ գործընթացը շարունակվի»: