Եվրամիությունը, Ադրբեջանը և Թուրքմենստանը «Հարավային գազային միջանցքի» իրագործման ծրագրի շրջանակներում երկու նորմատիվ փաստաթուղթ կներկայացնեն,- հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարարը: Նրա խոսքերով, առաջին փաստաթուղթը քաղաքական հայտարարագիր է, որի մեջ կողմերը իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցելու ՀԳՄ իրագործմանը:
Իսկ երկրորդը կլինի Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև համաձայնագիրը: Այնտեղ Եվրամիության միջնորդությամբ կհստակեցվեն Ադրբեջանի և Թուրքմենստանի լիազորությունները Կասպից ծովի հատակով տրանսկասպյան գազամուղի կառուցման նախագծում, որը կլինի «Հարավային միջանցքի» կարևոր մասերից մեկը: Այս մասին գրում է ռուսական Независимая Газета-ն:
Թերթը հիշեցնում է, որ «Հարավային հոսքը» Եվրամիության համար գերակա նախագիծ է համարվում, քանի որ դրա շնորհիվ նպատակ է դրված դիվերսիֆիկացնել եվրոպական երկրների էներգակիրների մատակարարումը և ըստ այդմ բարձրացնել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, արաբական երկրներում հեղափոխական շարժումների ծավալման ֆոնին հնարավոր է՝ ավելի ակտիվանա «Հարավային հոսքի» և հարակից այլ նախագծերի իրագործման գործընթացը:
Դրա վկայությունն է համարվում այս տարվա հունվարին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի՝ Ադրբեջան այցի ժամանակ «Հարավային գազային միջանցքի» շուրջ Բաքվի հայտարարագրի ստորագրումը և մարտի սկզբին դրա վավերացումը Ադրբեջանի խորհրդարանի կողմից, ինչպես նաև Թուրքմենստանի հայտարարությունը, թե պատրաստ է մասնակցել Nabucco նախագծին: