Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետի պաշտոնում ներկայացվելու է գնդապետ Իրակլի Ձնելաձեն: Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր ՊՆ-ում հանդիպելու է նրա հետ և քննարկելու է ապագայի պլանները:
Նախագահին ու պաշտպանության նախարարին հաջողվել է համաձայնության գալ զինված ուժերի միացյալ շտաբի պետի թեկնածուի հարցում, սակայն նրանք հրաժարվել են տալ նրա անունը: Սակայն ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել, որ խոսքը Իրակլի Ձնելաձեի մասին է, որը Վրաստանի զինված ուժերում է արդեն 20 տարի և տարբեր ժամանակներում աշխատել է ցամաքային զորքերում ու միացյալ շտաբում: Նա նաև հանդիսացել է Ուկրաինայում Վրաստանի ռազմական կցորդ և ռազմական կրթություն է ստացել ԱՄՆ-ում:
Ձնելաձեն Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետի պաշտոնում փոխարինելու է Գեորգի Կալանդաձեին, որը ներկայումս մեղադրվում է իր ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ: Ներկայումս շտաբի պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Վախթանգ Կապանաձեն:









































