ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամպերսը երեկ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիորգի Բոկերիայի հետ հանդիպման ավարտին իր զորակցությունն է հայտնել երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին և Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրմանը:
«Ես Վրաստան եմ եկել, որպիսի իմ աջակցությունը հայտնեմ ձեր ժողովրդավարական գործընթացներին»,- հայտարարել է Լամպերսը՝ նշելով, որ Վրաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններում: Նա ընդգծել է, որ Վրաստանը մի շարք կարևոր քայլեր է արել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին: Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ եվրաատլանտյան տարածքին ինտեգրումը Վրաստանի ազատության գրավականն է:
Լամպերսը Վրաստան է ժամանել նախօրեին: ՆԱՏՕ-ի պաշտոնյան կհանդիպի նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի և այս երեկո՝ նաև նախագահ Սաակաշվիլու հետ:
Վաղը ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը Վրաստանում կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի “Rose-Roth” 76-րդ սեմինարին, որին կմասնակցեն Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու փորձագետներ: