Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ, մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 8.9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայի սեյսմիկ ծառայության մասնագետները հետազոտություններ են անցկացրել երկրի տարբեր հատվածներում, այդ թվում նաև արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստան):
Հետազոտությունները վկայել են այն մասին, որ մոտ ապագայում Բինգյոլում (Բյուրակն) ու Էրզինջանում (Երզնկա) սպասվում են 7-7.2 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժներ:
Չնայած դրան`թուրք մասնագետների ուշադրությունը հիմնականում գամված է երկրի ամենաստվար բնակչություն ունեցող Ստամբուլին, ուր բնակվում է մոտ 15 միլիոն մարդ:
Հիշեցնենք, որ ճապոնական ուժգին երկրաշարժից հետո Թուրքիայում մեծ հարցականներ են առաջացել` կապված ատոմակայանների կառուցման նպատակահարմար լինելու հետ, ինչն առաջին հերթին վերաբերում է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում Ռուսաստանի կողմից կառուցվելիք թուրքական առաջին ատոմակայանին: