Երեկ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած «Հզոր ապագա» կուսակցության առաջին հանրահավաքին մոտ 70-80 մարդ մասնակցեց: Չնայած նախօրեին կազմակերպիչները հայտարարել էին, որ ակնկալում են 500-1500 մարդու մասնակցություն: Արդեն հանրահավաքից հետո կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանն ասաց, որ իրենց խանգարեց անձրևը:
«Չնայած մեզ համար մեկ մարդն էլ կարևոր է: Մենք սա ո՛չ հաղթանակ, ո՛չ էլ պարտություն ենք համարում: Կարելի է ասել, սկիզբը դրեցինք ու կկայանանք»,- ասաց Ա. Կիրակոսյանը:
Վերջինս իր ելույթում ասաց, որ եթե այլ կուսակցությունները հավաքում են հինգից վեց հազար մարդ, ապա «եղանակային այս պայմաններում մեր համակիրների այս թիվը անցում է հինգ հազարից»:
Թերևս, միակ նմանությունը այլ կուսակցությունների հետ այն էր, որ երեսունամյա, դեռևս ոչ հայտնի նախագահի կողքին «սափրագլուխ» կար կանգնած: «Առաջին լրատվական»-ի այս դիտարկմանը կուսակցության նախագահ Ա. Կիրակոսյանը կես կատակ, կես լուրջ ասաց, թե «ինքը ինչով է պակաս մյուսներից», ապա ավելացրեց, որ ինքը պաշտպանության կարիք չունի, իսկ կողքին կանգնածները իր ընկերներն են:
Կուսակցության լիդերը պատրաստվում է առաջիկայում անհրաժեշտ փաստաղթերը ներկայացնել արադարադատության նախարարություն` համապատասխան գրանցում ստանալու համար: Կուսակցության հանրահավաքները կշարունակվեն մայիսին:
Առաջիկա մեկ ամիսը կուսակցաշինությամբ են զբաղվելու։