Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, թուրքական իշխանությունները ցանկացել են այսօր վարչապետական ապարատում Լիբիային նվիրված թուրք բարձրաստիճան պաշտոնյաների գագաթաժողովում կայացված որոշումների մասին իրազեկել թուրքական ընդդիմադիր կուսակցություններին:
Այդ գործը հանձնարարվել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին, ով հանդիպումներ է պահանջել ընդդիմադիր կուսակցություններից, սակայն Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ) մերժել է այդ պահանջը: ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին Դավութօղլուին խորհուրդ է տվել, իրենց փոխարեն, այդ որոշումների մասին իրազեկել թուրք ժողովրդին:
Դավութօղլուն դրական պատասխան չի ստացել նաև թուրքական խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ Խաղաղություն ու ժողովրդավարություն կուսակցությունից (ԽԺԿ): Վերջինիս նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իրենց հարմար չէ հինգշաբթի օրն այդպիսի հանդիպում անցկացնելը և հաջորդ շաբաթ իրենք կաշխատեն հանդիպման համար հարմար օր գտնել:
Առայժմ միակ դրական պատասխանը ստացվել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից (ԺՀԿ): Դավութօղլուի ու ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հանդիպումը կայանալու է վաղը` ԺՀԿ կենտրոնական գրասենյակում:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետական ապարատում Լիբիային նվիրված և 1.5 ժամ տևած ժողովին, որը նախագահել է վարչապետ Էրդողանը, մասնակցել են Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, Պաշտպանության նախարար Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը, Գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը: 15 րոպե ուշացումով նրանց միացել է նաև պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: