CNN Türk-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորել է մարտի 28-29-ին այցելել Իրաք, այդ թվում` նաև Հյուսիսային Իրաքի կենտրոն Էրբիլ:
Ակնկալվում է, որ Իրաք այցելելիս Էրդողանը նախ հանդիպում է ունենալու Իրաքի վարչապետ Նուրի Էլ Մալիքի հետ և քննարկելու է երկկողմանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման խնդիրը: Ապա Էրդողանը պետք է հանդիպի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ, ինչից հետո էլ մեկնելու է Հյուսիսային Իրաք:
Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա հոկտեմբերի վերջին Էրդողանը հանդիպեց Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետ և Իրաքի «Քուրդիստանի ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Նեչիրվան Բարզանիի հետ, նրա (վարչապետական) մամլո ծառայության կայքում առաջին անգամ օգտագործվեց «Քուրդիստան» բառը, ինչը, սակայն, արագ (մեկ ժամ հետո) հանվեց: