Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթևիկ Օհանջանյանից տեղեկացանք, որ Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից Սևակ Մինասյանը, որը 1038 ձայնով էր իր տեղը զիջել է քաղաքապետ վերընտրված Ռուբեն Խլղաթյանին, դիմում է ներկայացրել վերահաշվարկ իրականացնելու համար։
«Եվ քանի որ դիմումում չէր նշել, թե որ ընտրատեղամասերում էր պետք վերահաշվարկ իրականացնել, հետևաբար վերահաշվարկ է իրականացվելու բոլոր տեղամասերում։ Երկու տեղամասերում արդեն վերահաշվարկը ավարտվել է։ էական փոփոխություններ այս պահի դրությամբ չկան։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կշարունակի վերահաշվարկը, որը կտևի քվարկության օրվանից սկսած 5 օր»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժղովի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ Արմավիրում կա 28 հազար 240 ընտրող, ընտրություններին մասնակցել է 14 հազար 164-ը, որից 6849-ը իր ձայնը տվել է վերընտրված քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանին, իսկ 5811-ը՝ անկուսակցական, ավագանու անդամ Սևակ Մինասյանին։ Մյուս թեկնածուներից Կարեն Վարդանյանը հավաքել էր 330 ձայն, իսկ Առնակ Գևորգյանը՝ 710։
Հիշեցնենք նաև, որ ընտրություններից հետո Արմավիրում տեղի էին ունեցել ձերբակալություններ: Մասնավորապես, ձերբակալվել է Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի անդամ, մարզիչ, Ղարաբաղյան ազատամարտի մասնակից Անուշավան Ալեքսանյանը։