Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Հանրապետության նախագահը նիստում կուսակիցներին է ներկայացրել Լատինական Ամերիկա կատարած այցի մանրամասները:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերջին գործողություններին։ «Դա, մեղմ ասած, ապակառուցողական պահվածք է և, բնականաբար, մենք չէինք կարող չքննարկել այդ հարցը: Ապակայունացմանն ուղղված պահվածքը չի բխում բանակցային գործընթացներից, միևնույն ժամանակ, մեր զինված ուժերը ու նաև ԼՂ պաշտպանության բանակը պատրաստ են դիմագրավել թշնամուն»,- ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոստնակն ավելացրեց, որ անդրադարձ է կատարվել Ինտեգրացիոն գործընթացներին: Հարցին, թե ինչո՞ւ է հետաձգվում Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը, Շարմազանովը պատասխանեց. «Հայաստանն իր անելիքները կատարել է: ՌԴ նախագահն էլ վերջերս հայտարարեց, որ Հայաստանը մոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Կարծում եմ՝ ամեն ինչ, ի վերջո, նորմալ կլինի»:
Ինչ վերաբերում է բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, ՀՀԿ խոսնակն այդ առնչությամբ ասաց. «Քանի որ Լևոն Հայրապետյանի հետ կապված միջադեպը իրավական տիրույթում է, չեմ կարող որևէ կարծիք հայտնել: Այն, որ նա մեծ ներրդում ունի Արցախի Հանրապետության հզորացման գործում՝ փաստ է: Խնդիրը գտնվում իրավական տիրույթում, և հապճեպ հայտարարությունը մեր իարավասության ներքո չէ»: