Րաֆֆի Հովհաննիսյանի ազատության ծոմի մեկ շաբաթն այսօր լրացավ: Նա լրագրողներին հայտնել է, որ ինքը, երախտագիտություն հայտնելով բոլորի հորդորներին՝ ավարտելու ազատության ծոմը, շարունակելու է ծոմը այնքան ժամանակ, քանի Աստված իրեն կամք կտա՝ որպես քաղաքացու:
«Մեր պետության հռչակումից գրեթե 20 տարի հետո մենք գտնվում ենք աննախադեպ օրհասական, տագնապալի վիճակում, գտնվում ենք վտանգավոր զարգացումների նախաշեմին, և հետաձգելով այս հարցերի լուծումը, մենք միայն հետաձգում ենք պայթյունները, որոնք արյունալի կարող են լինել և խիստ անցանկալի մեր պետության համար: Մենք պիտի շարունակենք այս ընթացքը, ամեն մեկն իր փոքր ինքնազրկանքով պիտի լուծում տա մեր երկրի առջև ծառացած խնդիրներին»,- իր ազատության ծոմը հիմնավորեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց այն 15 պահանջները, որոնց համար ինքը սկսել է ազատության ծոմը. «Իշխանությունը ժողովրդին», «Ո՛չ կուսակցապետությանը», «Ժողովուրդն է երկրի տերը», «Ձայն բազմաց, ձայն Աստծո», «Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր», «Ազատ քաղաքացի, անվտանգ պետություն», «Արժանապատիվ ապագա հայ երիտասարդին», «Ժողովրդին աշխատանք», «SOS, Հայաստանը հայաթափվում է», «Ո՛չ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին», «Վերջ իշխող կոռուպցիային», «Ուժը բարոյականության մեջ է նաև», «Ո՛չ արձանագրություններին, այո՛ հայրենիքին», «Արցախին՝ ճանաչում», «Հայաստան»:
«Ահա սրանց մեջ տեղավորվում են մեր քաղաքացիական ակնկալիքը, ճանապարհը և ապագան»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունների վերաբերմունքի մեջ որևէ փոփոխություն ինքը չի նկատել և խիստ անհավանական է համարում, որ այս իշխանությունը, ի հեճուկս իր հետագծի, կկարողանա արտահերթ լուծումներով հանդես գալ: Այդուամենայնիվ, Ր. Հովհաննիսյանը չբացառեց իշխանությունների կողմից այդ քայլի հնարավորությունը՝ նշելով. «Հուսով եմ, որ դեռ կան խղճով ղեկավարներ, որոնք կկարողանան պետական շահը վեր դասել սեփականից և կուսակցականից: Այս հրապարակ մտնելու ձգանը եղավ նաև կոալիցիոն հուշագիրը, որը ես համարեցի կուսակցապետություն ստեղծելու սպառնալիք և մարտահրավեր»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իր քայլերը PR ակցիա չեն, և ինքն ու իր կուսակցությունը դրա կարիքը չունեն: