«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 7-ին «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ Հարությունյանը արձակուրդից այլևս չի վերադառնալու իր պաշտոնին, սակայն որոշ լրատվամիջոցներ համառորեն հերքում էին այդ տեղեկությունը:
Նշենք, որ որպես Հայկ Հարությունյանի ազատման պատճառ նշվում են արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ ունեցած տարաձայնությունները:
Մենք արդեն գրել ենք, որ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, ով, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: «Ես «Հրազդան» ՔԿՀ-ի պետն եմ ու այս պահին զբաղված եմ իմ աշխատանքով»,- մեզ հետ զրույցում ասաց Նավասարդյանը:
Մենք փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել, սակայն արդարադատության նախարարությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հայտարարելով, որ «որևէ բան լինելու դեպքում մենք կտեղեկանանք»: