Լոնդոնում 1.84 միլիոն դոլարով վաճառքի է հանվել այն տունը, որտեղ 11 տարի ապրել է գրող Օսկար Ուայլդը: Այս մասին հաղորդում է Savills անշարժ գույքի միջազգային գործակալությունը:
Լոնդոնի Չելսի թաղամասում գտնվող տանը Ուայլդն իր կնոջ` Կոնստանս Լլոյդի հետ ապրել է 1884 թվականից: Այս տանը նա գրել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Դորյան Գրեյի դիմանկարը», «Կատարյալ ամուսին»: Այստեղ են ծնվել նաև նրա երկու երեխաները: Գրողը ստիպված է եղել տունը լքել այն բանից հետո, երբ երկու տարի ազատազրկման է դատապարտվել միասեռականության մեղադրանքով:
Ներկայումս տունը պատկանում է դիզայներ Մայս Լիին, որը վերջերս ավարտել է տան հիմնանորոգումը:
Նշենք, որ 2012թ. մարտին Լոնդոնում 565 հազար ֆունտ սթեռլինգով վաճառվել էր այն տունը, որտեղ 1873-1874թթ. բնակվել էր Վինսեթ Վան Գոգը:











































