
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հավատարմագրերն է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, այդ ընթացքում էլ խոսակցություն է ծավալվել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, և Օբաման հույս է հայտնել, որ Տիգրան Սարգսյանն իր փորձն ու գիտելիքները կներդնի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները խորացնելու համար: Սարգսյանն էլ ասել է, որ իր առաքելությունը լինելու է հարուստ ներուժ ունեցող երկկողմ հարաբերությունները սերտացնելը:
Երբ վերանում ենք այս խոսքերի դիվանագիտական մակերևույթից, ապա պետք է արձանագրենք, որ դրանք իրականության համեմատ, ըստ էության, լավատեսական են ավելի, քան հիմքեր կան: Մասնավորապես, եթե Տիգրան Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերության համար չկարողացավ իր «փորձն ու գիտելիքները» ծառայեցնել ավելի բարձր՝ վարչապետի պաշտոնում, ի՞նչ կարելի է սպասել դեսպանի պաշտոնից, որն, ըստ էության, հայաստանյան պարագայում կամ արտաքսում է, կամ ուղղակի «սանատորիա»՝ պարգևատրում:
Ի՞նչ պետք է անի Տիգրան Սարգսյանը, եթե ենթադրենք, որ նա ունի անելու մեծ ցանկություն: Չէ՞ որ նա ուներ առավել մեծ լիազորություններ անելու համար՝ վարչապետի պաշտոն: Նաև ուներ ԱՄն քաղաքական աջակցությունը, որի առումով հատկապես առանձնահատուկ է նրա հիշարժան այցելությունը Միացյալ Նահանգներ 2012 թվականի դեկտեմբերին, որտեղ նրան, ըստ էության, բավական բարձր տնտեսական ու քաղաքական ընդունելության արժանացրին, մինչև անգամ՝ փոխնախագահ Բայդենի հետ չնախատեսված, բայց հետո նաև նախատեսվածից ավելի երկար ժամանակ տևած հանդիպում: Սակայն ԱՄՆ կատարած այդ տպավորիչ այցից և բավական շոշափելի մակարդակի ընդունելությունից հետո վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Սարգսյանը հաշված ամիսների ընթացքում դարձավ Եվրասիական կամ Մաքսային շրջադարձի ջատագովներից մեկը՝ ըստ էության, մասնակից դառնալով Հայաստանի միջազգային հեղինակազրկմանը: Այս ամենն իհարկե կարող ենք վերագրել տակտիկային և անցնել առաջ, սակայն առաջ անցնելու համար, այդուհանդերձ, պետք է ինչ-որ բանից բռնել:
Հայ-ամերիկյան հարաբերությունները այսպես ասած՝ հայկական կողմում ունեն հենց այս խնդիրը, այսինքն՝ հայկական կողմում բռնվելու տեղը չկա, և առանց դրա, ուղղակի հնարավոր չէ բավարարել այն պահանջները, որոնք թելադրվում են հայ-ամերիկյան գերկարևոր հարաբերությունների առումով ներկայիս բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածում, թող տարօրինակ չհնչի, երևի թե հայ-ամերիկյան հարաբերություններն են, որ առավելագույնս հիմված են փոխադարձ հարգանքի ու շահերի վրա, ինչպես Տիգրան Սարգսյանին ընդունելով և հավատարմագրերը վերցնելով՝ ասել է Բարաք Օբաման՝ ակնարկելով, որ Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունները, ըստ էության, շահերի և հարգանքի վրա հիմնված, այսինքն՝ համաշխարհային քաղաքականության առումով միանգամայն պրագմատիկ և հետևաբար հուսալի հարաբերություններ են: Սակայն «բռնվելու տեղի» խնդիրը դրանցում շարունակում է մնալ այսպես ասած՝ ամենաբարդ խնդիրը:
Այս տեսանկյունից է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը պաշտոնական Երևանը փորձում է մատուցել որպես այդպիսին, սակայն այստեղ այլ կարևոր խնդիրներ են առաջանում՝ մասնավորապես կապված այն բանի հետ, թե պաշտոնական Երևան ասվածն, ընդհանրապես, ինչքանով է վստահելի ԱՄՆ-ի համար, և ինչքանով է ԱՄՆ-ի համար հայ-ամերիկյան հարաբերություններում «բռնվելու տեղը» շատ կարևոր ոչ թե իշխանական, այլ հասարակական սեկտորում՝ որպես առավել վստահելի և հեղինակավոր, պատվախնդիր բևեռ: