
Ադրբեջանի կողմից վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված դիվերսիոն գործողությունները չեն կարող վախեցնել մեր զինվորներին: Դրանք թուրքի կողմից հերթական, ստոր գործողություններն են:
Նման կարծիք հայտնեցին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկները՝ ընդգծելով, որ դրանք ինչ-որ տեղ նաև Հայաստանի թույլ դիվանագիտության արդյունք են:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն ասաց, որ Հայոց բանակն ունի այն մարտունակությունը, որ կարողանա նույնիսկ հնարավոր պատերազմի դեպքում ջախջախել թշնամուն, բայց այն, ինչ անում են հիմա ադրբեջանցիները, մեր իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն են․ «Ես կերազեի, որ պատերազմը շուտ սկսեր, բայց ցավում եմ, որ շուտ չի սկսվելու: Պատերազմի արդյունքը պետք է լինի այն, որ Ղարաբաղի պատմական մայրաքաղաքը լինի Պարտավը, մենք հասնելու ենք դրան: Եվս մի քիչ, և այս միտքը բարոյալքության կբերի: Իսկ բարոյալքված զինվորին տեր կանգնելը ամենասարսափելի բանն է: Զենքերն այդքան վտանգավոր չեն, որքան բարոյալքված զինվորը: Մեր իշխանությունները չունեն պետական մոտեցում, պետական հոգածություն: 20 տարվա խաղաղությունն ի վնաս մեզ ենք օգտագործել»,- ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը միշտ էլ շնորհիվ իր բնածին, Աստվածային գենոֆոնդի ի զորու է հաղթել․ «Այսօր մեր բանակը ի զորու է ցանկացած մարտահրավեր ընդունել: Եթե մեզ կկանչեն, կզորակոչեն, կպարտադրեն, մենք պատրաստ ենք՝ անկախ դիրքից, անկախ իրենց կատարած չարագործություններից՝ տեր կանգնել մեր երկրին: Մեր հայրենասիրությունից ելնելով՝ ամեն բան կանենք: Իսկ սա՝ Ադրբեջանի մեկ զինվորի գործողությունը շարունակեց մյուս զինվորի գործողությունը: Ի փառս հայ ժողովրդի մենք դիմակայում ենք ու չենք ընկնելու»:
Ազատամարտիկ Արթուր Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ հայտնաբերված դիվերսանտներն այնքան էլ դիվերսանտների նման չեն: Միևնույն ժամանակ ազատամարտիկը նկատեց, որ թշնամին իր ուզածին հասնելու համար ընդունակ է դիմել ցանկացած քայլի և նույնիսկ ոչ դիվերսանտի չափանիշներին համապատասխան մարդանց ուղարկի․ «Մեր բանակն ունի այն մարտունակությունը, որ կարողանա ցանկացած այսպիսի ստոր գործողության տակից պատվով դուրս գա: Բայց ես չեմ կարծում, թե թուրքը հիմա պատերազմ սկսելու միտում ունենա, նա եթե իմանար կհաղթի՝ վաղուց կսկսեր, բայց միանշնակ է, որ պարտվելու է»,- եզրափակեց նա: