
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10-ին որոշում է կայացրել «ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի գնահատման, հորատանցքերի լուծարման և կոնսերվացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին»: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը բացահայտելու է Արարատյան դաշտի ապօրինի հորատանցքերը և փակելու է դրանք:
2013թ. օգոստոսի 13-ի դրությամբ, ըստ Բնապահպանության նախարարության, Արարատյան դաշտի հորատանցքերի թիվը կազմում է 3314, որից ջրօգտագործման թույլտվությամբ` 952, լուծարման ենթակա` 389, կոնսերվացման ենթակա` 993, առանց ջրօգտագործման թույլտվության` 562 և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությամբ` 418:
Ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ որոշումը հնարավոր է ավելի շատ անդրադառնա հորատանցքեր շահագործող հասարակ գյուղացիների վրա: «Ինչպես միշտ, հնարավոր է անդրադառնա խեղճ, չունևոր, անպաշտպան ժողովրդի վրա»,-տեսակետ հայտնեց ջրաբանը՝ հավելելով. «Ես չեմ հավատում այդ հանձնաժողովին: Ինչ որոշում կայացնում են, իրենց օգտին է»:
Ջրաբանի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է ստեղծվեր մինչ կառավարության վերջին որոշումը, որով կառավարությունը որոշեց նոր հորատանցքեր բացել Արարատյան դաշտում: «Իհարկե, շուտ պիտի ստեղծեին, գիտնականների հրավիրեին, ոչ թե իրանք նստեին որոշեին»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:
«Իհարկե, ուշացած է, բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, որովհետև սիտուացիոն մոտեցումը՝ փակում ենք, բացում ենք, ոչ մի լավ բանի չի բերի»,- այս կարծիքին է բնապահպան, «Հանուն կայուն զարգացման» ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանը: Ըստ բնապահպանի՝ այդ հանձնաժողովում անպայման պետք է ներգրավվեն մասնագետներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ. «Պետք է անպայման ներգրավվեն այն մասնագետները, որոնք զբաղվել են այդ խնդրով և հստակ հաշվարկներ ունեն: Իրոք համապարփակ որոշում է պետք ընդունել, որովհետև շատ լուրջ խնդիր է և կապված է մնացած բոլոր էկոլոգիական խնդիրների հետ»:
Հիշեցնենք, որ 15 օր առաջ կառավարությունը որոշում կայացրեց Արարատյան դաշտում 70 նոր խորքային հորեր փորելու և 42 փակված հորատանցքերը բացելու մասին: Ըստ հիմնավորման՝ 112 խորքային հորերը կմեղմեն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ստեղծված 74 մլն խոր.մետր ջրի դեֆիցիտը, ինչը թույլ կտա ոռոգման ժամանակաշրջանին սակավաջուր տարածքներին լրացուցիչ մատակարարել շուրջ 44 մլն խոր.մետր ջուր: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշեց ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 550 մլն դրամ կամ ավելի քան 1.3 մլն ԱՄՆ դոլար՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, «Մերձափնյա», «Արաքս», «Շենիկ» և «Արմավիր» ջրօգտագործման ընկերություններին նշված ջրօգտագործողների կողմից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության որոշման սենսացիան այն էր, որ ընդամենը ամիսներ առաջ՝ անցյալ տարվա հոկտեմբերին, Տիգրան Սարգսյանի կառավարությունը հիմնավորելով ջրային կորուստները՝ որոշեց փակել 43 հորերը և դրանք փակելու համար Բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107,5 միլիոն դրամ կամ մոտ 260 հազար ԱՄՆ դոլար: Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր: Իսկ երեք ամիս առաջ Բնապահպանության նախարարության առաջարկով կառավարությունն արգելեց Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ղեկավարների կողմից չպետք է տրամադրվեն նախկինում ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի մասով շինարարության թույլտվություններ:
Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտի ջրավազանի խնդիրն առաջացավ հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ գործող ձկնաբուծարանները սկսեցին ինտենսիվ ավելանալ և անխնա օգտագործել արտեզյան ջրերը: