
Հայաստանում իր իմպերիալիստական հայտարարությունների համար հանրային ցայտուն դժգոհություն բարձրացրած և Ուկրաինայի ԱԱԾ-ի կողմից քրեական հետապնդման ենթարկվող պուտինյան գեբելսյան քարոզչամեքենայի ղեկավար, «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը չի խորշում շարունակել իր նախաձեռնած «ակումբային» աշխատանքն Ուկրաինայում և Հայաստանում: Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Կիսելյովը գործում է իր հիմնած «Սկովորոդա» ակումբի միջոցով` ըստ էության, Ուկրաինայում ծավալելով նույն գործունեությունը, ինչ Հայաստանում «Գրիբոյեդով» անունը կրող կիսագաղտնիության պայմաններում գործող ակումբը: Դժվար է պատկերացնել, որ քրեական հետապնդման պայմաններում Կիսելյովը կարողանում է ակտիվ աշխատել «Սկովորոդայի» շրջանակներում, այնինչ «Գրիբոյեդով» ակումբի ներկայացուցիչների հանդիպումներին Հայաստանում ոչինչ չի խանգարում նույնիսկ Հայաստանում նրան պերսոնա նոն գրադա հռչակելու խորհրդարանական կոչերն ու պահանջները, հասարակական դժգոհությունը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս անգամ գրիբոյեդովականները Երևանի սրտում հավաքվել են հանդիպելու ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերի գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինի հետ, որը Հայաստանում իր տված մամուլի ասուլիսի ընթացքում չխորշեց կրկնել Կիսելյովին` պնդելով, որ եթե Ռուսաստանը չպաշտպանի Հայաստանին, ոչ մի գերտերություն չի պաշտպանի, և որ Ռուսաստանն է Հայաստանի միակ գլոբալ ընկերը, իսկ Արևմուտքը` թշնամին: Ակումբի հերթական երեկոն տեղի է ունեցել հուլիսի 8-ին «Երևան պլազա» հյուրանոցի «Պանորամա» ռեստորանում ակումբի գրեթե բոլոր անդամների մասնակցությամբ և Կիսելյովի գլխավորությամբ: Ի դեպ, այս ռեստորանում են անցկացվել ակումբի վերջին բոլոր հանդիպումները, և տպավորություն կա, որ ակումբի ղեկավարությունը համագործակցում է հենց այս ռեստորանի հետ:
Իհարկե, հանդիպումները շարունակում են մնալ լուսաբանումից փակ մթնոլորտում, գրիբոյեդովականների պնդմամբ՝ ազատ շփման և գաղափարների փոխանակման անկաշկանդության համար: Սակայն դժվար չէ կռահել, թե մասնավորապես որ թեմաներն են դառնում գրիբոյեդովականների քննարկման առարկա, երբ այդ ակումբի նախաձեռնողն ու ամենամսյա հյուրերը ռուսական իմպերիալիստական գաղափարների կրողներն ու առաջ մղողներն են, որոնք Հայաստանի, Հայաստանի քաղաքական հնարավորությունների մասին արտահայտվում են ամենևին ոչ բարեկամական հռետորաբանությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Դմիտրի Կիսելյովը խորհրդարանում մասնակցեց քննարկման ԱԺ փոխխոսնակի ու մի շարք պատգամավորների մասնակցությամբ, որի ընթացքում իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում ռուսաց լեզվի իմացության ցածր մակարդակի վերաբերյալ` շեշտելով նաև անվտանգության ոլորտում Ռուսաստանից Հայաստանի ծայրաստիճան կախվածության մասին: Սա արժանացավ քննադատությունների, պատգամավորներից մի քանիսը պահանջեցին արգելել նրա մուտքը Հայաստան: Իսկ Ուկրաինայում նրա գործունեությունն այսուհետ գրեթե անհնար է, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) քրեական գործ է հարուցել «Россия сегодня»-ի գլխավոր տնօրենի դեմ՝ որպես ահաբեկչության կազմակերպիչ ու ֆինանսավորող: