
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Նարեկ Ներսիսյանը, ով արտագաղթել է ԱՄՆ՝ կիսատ թողնելով «Հարազատ թշնամի» սերիալում գլխավոր հերոսի` Տանոյի դերակատարումը:
– Նարեկ, Դուք Հայաստանում կիսատ թողեցիք սերիալում գլխավոր դերակատարումը և մեկնեցիք Միացյալ Նահանգներ: Ո՞րն էր նման հրատապ որոշման պատճառը:
– Նահանգներ մեկնելը պայմանավորված էր մի շարք անձնական և գործնական խնդիրներով:
– Ի՞նչը Ձեզ չէր բավարարում Հայաստանում:
– Հայաստանում ես չէի տեսնում հեռանկար, և դա ինձ պարզապես սպանում էր:
– Ինչո՞վ եք հիմա զբաղվում: Արդյո՞ք կա այդտեղ ավելի մեծ ռեալիզացման դաշտ:
– Ռեալիզացման դաշտ կա ամերիկյան շուկայում, սակայն դրա համար մեծ ջանքեր են հարկավոր…
– Դերասանները մեծ թափով արտագաղթում են: Ինչո՞ւ:
– Չեմ կարող խոսել ուրիշների անունից: Միգուցե նրանք էլ են ուզում փորձել իրենց բախտը, չգիտեմ:
– Եվս մեկ դերասան կգա ԱՄՆ՝ համարելով Հայաստանը կործանված երկիր: Կիսո՞ւմ եք Ձեր գործընկերոջ կարծիքը:
– Ճիշտն ասած, չգիտեմ` ով է գալու: Ցավոք սրտի, ես լուրջ ապագա չեմ տեսնում մեր մասնագիտական դաշտում: Երևի այլ մասնագետներ դեռ գոհ են:
– Հնարավո՞ր է՝ մենք ավելի շատ դերասան ունենք, քան պետք է իրականում մեզ, և դա էլ ռեալիզացման դժվարությունն է առաջացնում:
– Ո՛չ: Համոզված եմ՝ խնդիրը քանակի մեջ չէ, խնդիրը դաշտի բարձիթողի լինելու մեջ է, ինչպես նաև ոչ բավարար ֆինանսավորման:
– Ամերիկյան շուկա մտնելու համար արդյո՞ք երկար ժամանակ չի պահանջվի:
– Գիտեք, հնարավոր է և ոչինչ չստացվի, բայց դա ինձ չի տխրեցնի այդ դեպքում: Ես այլ դերասանների պես ամպագոռգոռ հայտարարություններ չեմ անում: Ես չեմ եկել ԱՄՆ ինչ-որ բան գրավելու (ժպտում է): Ես պարզապես եկել եմ իմ կյանքն ապրելու: Հնարավոր է՝ չափազանց երկար ժամանակ պահանջվի, բայց դա չէ էականը, կարևորը վերջնական նպատակն է:
– Դերասանները մեզ հետ զրույցում նշում են, որ սերիալները հնարավորություն են տալիս նորմալ ապրելու: Փաստորեն, դա՞ էլ է միֆ:
– Ես չգիտեմ, թե որ դերասաններն են գոհ սերիալի աշխատավարձից, սակայն անհամեմատելի է թատրոնի աշխատավարձի հետ: Միևնույն ժամանակ, իմանալով սերիալի մոտավոր հոնորարները… եթե այդ աշխատավարձով ապրելը նորմալ են համարում, ուրեմն ուրախ եմ նրանց համար:
– Նարեկ, ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան: Արդյոք բարձր ֆինանսավորման, լավ առաջարկի դեպքում կգա՞ք, թե՞ Հայաստանը, ըստ Ձեզ, անհեռանկար է:
– Չեմ կարող ասել, թե երբ: Եթե հետաքրքիր առաջարկ լինի, անշուշտ, կգամ, բայց վերադառնալ և կյանքը կառուցել Հայաստանում…Իմ դեպքում արդեն անիմաստ կլինի: Ես խորապես համոզված եմ, որ դեռ շատ երկար տարիներ հայկական կինոոլորտը չի ունենա արտադրական հզոր աճ և կշարունակի իներցիայով ընթանալ, ինչպես շատ այլ ոլորտներ: