Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, վարչապետական ապարատում գումարվել է Լիբիայի շուրջ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների գագաթաժողովը, որը նախագահել է վարչապետ Էրդողանը:
1.5 ժամ տևած ժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, Պաշտպանության նախարար Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը, Գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը: 15 րոպե ուշացումով նրանց միացել է նաև պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:
Ժողովում քննարկվել են Լիբիայում ստեղծված իրավիճակի նկատմամբ Թուրքիայի մոտեցումները, քաղաքացիական բնակչության կորուստները, թռիչքների համար փակ գոտիների մասշտաբների կրճատումը և այլն:
Գագաթաժողովից հետո` մարտի 21-ի լույս 22-ի գիշերը, Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և արդեն նրա հետ քննարկել վերոնշյալ խնդիրները:
Հիշեցնենք, որ հենց թուրքական կողմի հակազդեցության պատճառով է ՆԱՏՕ-ում տապալվել Լիբիայում թռիչքների համար փակ գոտիների մասշտաբների սահմանման շուրջ նախագիծը: