«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, թե հնարավո՞ր է, որ դեկտմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ, ինչպես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն էր նշել` կողմերը համաձայնեցնեն ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, կամ կարո՞ղ է «ճանապարհային քարտեզ» ընդունվել, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Աստանայում, իհարկե, «ճանապարհային քարտեզ» չի ընդունվի, որովհետեւ «ճանապարհային քարտեզ»` նշանակում է կարգավորման հստակ ծրագիր, քայլեր եւ ժամանակացույց: Ավելի քան հավանական է, որ ընդունվի հայտարարություն, որում կնշվեն կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ` այն կետերը, որոնց շուրջ արդեն կողմերն ունեն համաձայնություն, եւ կասկած չունենաք, որ առաջին կետով դա այդտեղ կամրագրվի: Մեծ է հավանականությունը, որ հենց դա էլ տեղի կունենա Աստանայում, ինչի մասին դեռ ամիսներ առաջ ուղղակիորեն ասել էր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, եւ ինչի մասին ուղղակիորեն Աստրախանում հայտարարեց Մեդվեդեւը»: