«Պատերազմը վերսկսելու ոչ մի նախանշան չեմ տեսնում, բայց լրատվամիջոցների ներկայացրած նյութերն ուսումնասիրելով՝ այն կարծիքին եմ հանգել, որ դրանք դիվերսիոն գործողություններ չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:
Մանրամասնելով իր միտքը՝ Վարդանովն ասաց, որ ՊՆ-ի տրամադրած լուսանկարներում ներկայացված են խլացուցիչով զենքեր՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ և ատրճանակ, բայց նման խլացուցիչը պետք է ունենա իր հատուկ փամփուշտները․ «Նման կարգի նռնակներով հնարավոր չէ, որ հետախույզ-դիվերսանտը ներս մտնի, ինչից եզրակացնում եմ, որ նրանք դիվերսանտներ չեն: Ավելի շուտ խոսքը գնում է «Գորշ գայլերի» կամ «Ղարաբաղի ազատագրում» անունով շարժում ունեն թուրքերը՝ նմանատիպ ինչ-որ կառույց իր ակտիվիստներին ուղարկել է:
Ես կարդացի բռնված թուրքի այն հայտարարությունը, թե ինքը հաճախ է Քելբաջարում լինում, իրեն խնդրել են չգնա, բայց գնացել է: Կարելի է եզրակացնել, որ ոչ պետական հովանավորությամբ, ավելի ուշ հնարավոր է՝ պետության կողմից հովանավորված է գնացել»,- ասաց մեր զրուցակիցը: Բացի այդ ՝ Վարդանովը համոզված է, որ այդ տարիքի մարդը հետախույզ-դիվերսանտ լինել չի կարող:
Վարդանովի կարծիքով՝ թուրքը միշտ էլ սահմանում իր գործունեությունն ակտիվացնելով ինչ-որ հարցեր է փորձում լուծել. «Այդպես միշտ էլ կլինի, և եթե մարդիկ շատ են ահաբեկվում դրանից՝ թող գնան Հոլանդիայում ապրեն»:
Ըստ Վարդանովի՝ այն զինատեսակները, որ Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, անմիջականորեն կարող են օգտագործվել մեր դեմ, բայց դրանք պարզապես դժվարացնելու են մեր գործը՝ ոչ ավելին, և մենք անկասկած հաղթելու ենք:
Ամբողջական հարցազրույցը՝ մեր տեսանյութում: