Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն մոտ մեկ ժամանոց դռնփակ հանդիպում է ունեցել թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում Ռիկիարդոնեն հայտարարել է, որ շատ գոհ է հանդիպումից. «Շատ արդյունավետ զրույց էր: Շուտով ԺՀԿ-ի կարևոր անդամներից բաղկացած բարձր մակարդակի պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ: Շատ կարևոր ծրագրեր ունենք:
ԱՄՆ-ը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում ժողովրդավարության խնդրին ու այդ ոլորտում նրա հաջողություններին: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները նույնպես ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են: ԱՄՆ-ը այս հարցում անկողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում և չի աջակցում թուրքական որևէ քաղաքական ուժի: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիային»:
Նշվում է, որ Ռիկիարդոնեն պլանավորել է հանդիպումներ ունենալ նաև այլ քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից և նրանից, որ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, Ֆրենսիս Ռիկիարդոնեին նշանակեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը ամիսներ շարունակ թափուր էր մնացել: