Մարտի 25-ին տեղի կունենա ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների 2011 թ. հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական պարգևատրման արարողությունը։ Այնուհետև ԵՊՀ ֆակուլտետներում կմեկնարկի «Բաց դռների օր», որի շրջանակում աշակերտները կհանդիպեն ֆակուլտետների դեկանների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Նշենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնած ամենամյա օլիմպիադան անցկացվում է արդեն 3-րդ տարին: Այս տարի այն անցկացվել է մարտի 19-ին Հայաստանի միաժամանակ երեք քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Իջևանում:
11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված օլիմպիադայի հիմնական նպատակը դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն ու ավագ դպրոց-ԵՊՀ կապն ամրապնդելն է:
Միաժամանակ Երևանում (Երևանի պետական համալսարան), Գյումրիում («Պրոգրես» համալսարան) և Իջևանում (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ) մեկնարկած օլիմպիադային ընդհանուր առմամբ մասնակցում էր 1601 դպրոցական` ՀՀ 8 մարզերի 137 դպրոցներից: 950 աշակերտ մրցույթին մասնակցել է ԵՊՀ-ում: 485 դպրոցական հայտագրվել է Գյումրիում, իսկ 166-ը` Իջևանում:
Օլիմպիադան այս տարի անցկացվել է 14 հանրակրթական առարկաների գծով (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ստեղծագործական աշխատանք):