«Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իրավիճակը բարելավվել է: Ռուսաստանը իր հարևանի տունը հրկիզեց և հիմա իր գլուխը խառն է՝ ժամանակ չունի իր կայսերական ծրագրերին հետևելու: Հաջորդող ամիսների ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գործունեությունը հաջողությամբ ավարտվեց, մենք չմեկուսացանք, և գուցե դա էլ մեր պետությանն ու իշխանությանը հնարավորություն է տվել ավելի համարձակ արտահայտվելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ արված հայտարարություններին:
Ազատ Արշակյանի խոսքով՝ այդ հայտարարության իմաստը հետևյալն էր. «Մենք տեղյակ ենք՝ ինչ է կատարվում աշխարհում, այնպես չէ, որ կտրվել ենք»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանին ասել են, որ բուֆերային երկիր ունենալը շատ թանկ կարող է արժենալ և դրա համար պետք է վճարել՝ հնարավոր է, ռուսական պետության փլուզմամբ. «Ռուսաստանը Հայաստան չի էլ ունեցել, նրանք մեզ համարել են աղանդավոր քրիստոնյաների երկիր, իրենց կայսերական ծրագրերի մեջ մանրադրամ: Ես համարում եմ, որ Ռուսաստանը Հայաստանին որպես մանրադրամ է ունեցել, բայց հիմա այն չի կարողանում որևէ տեղ իրացնել. մեծ հաճույքով կմսխեր Հայաստանը, բայց գնորդ չկա»:
Արշակյանի խոսքով՝ հիմա մեր ղեկավարները երկու քարի արանքում են՝ պետք է ոսկերչական գործ անեն և այժմ կարծես դրանով են զբաղված. «Թող զգան մեր քննադատող շունչը ու անեն, եթե անմիջապես հանձնվեն՝ կկորցնեն իշխանությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: