Ըստ «Հրապարակ»-ի` այսօր տեղի ունենալիք ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը բեսթսելլեր կդառնա ոչ այնքան իր հետաքրքիր օրակարգով, որքան նրանով, որ այն հնարավոր է տեղի ունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում` Մելիք Ադամյան փողոցի վրա, որտեղ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, կառուցվում էր երկրորդ մասնաշենք:
Այնտեղ երեկ բուռն եռուզեռ էր. «շլիֆովկա» էին անում մուտքի աստիճանավանդակը, իսկ ներսում արդեն մաքրություն ու անպատմելի շքեղություն էր տիրում: ՀՀԿ հին-բարի գրասենյակից ոչինչ չի մնացել, այն դարձել է ամբողջովին անճանաչելի` ռոկոկոյի ու բարոկոյի մի խառնուրդ, որին կուսակցական իմաստ հաղորդելն ահագին դժվար է լինելու, անգամ` նախընտրական այս փուլում: Նախկին նեղ միջանցքները փոխարինվել են ընդարձակ «անցուղիներով»: Հազիվ տասը հոգի տեղավորող կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանն արդեն ընդարձակ հյուրասրահ ունի, ահավոր ընդարձակ աշխատասենյակում կաշվե կահույք է դրված, «կարգին» հեռուստացույց, ասացին` բոլոր տեղակալների սենյակներն էլ նույնկերպ հարմարավետ են, չնայած ճիշտ բառը «շքեղն» էր:











































