Google-ի հետ գործարքի մասին կեղծ մամլո հաղորդագրությունը հնգակի բարձրացրել է ամերիկյան ICOA ինտերնետ-փրովայդերի բաժնետոմսերի արժեքը։ Այս մասին գրում է The Guardian-ը:
Նոյեմբերի 26-ին հրապարակվել էր ICOA–ի տեղեկությունն այն մասին, որ աշխարհի խոշորագույն որոնման համակարգ Google–ը գնում է ընկերությունը 400 մլն դոլարով: Ընդ որում, ինչպես նշում են ԶԼՄ-ները, ICOA-ի ու Google-ի կայքերում համապատասխան մամլո հաղորդագրություն չի եղել: Նորությունը մեկնաբանել էին շատ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Associated Press գործակալությունը:
Լուրի հրապարակումից հետո ICOA-ի բաժնետոմսերի գինը հնգակի բարձրացել է, ինչից հետո ամերիկյան կարգավորողները կանգնեցրել են դրանց վաճառքը՝ գների սպեկուլյատիվ աճի պատճառով։ Այդուհանդերձ, թրեյդերները կարողացել էին ավարտել 3,3 մլրդ բաժնետոմսերի գործարքներ:
Գործարքի մասին տեղեկությունը հերքել էին ICOA-ի, Google-ի ու PRWeb.com-ի ներկայացուցիչները:











































